Դադարեցվել է Արագածում շահագործվող բենզալցակայանի, կասեցվել՝ Սևան-Երևան մայրուղու գազալցակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումերի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում Սերգեյ Մովսիսյան Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի (գազալցակայանի) նկատմամբ։

Այս մասին հայտնում է Տեսչական մարմինը:

Հետազոտության արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտներում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից կայացրած որոշոմամբ դադարեցվել է Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը և տնտեսավարողի առջև պահեստարաններում առկա վառելիքն անհապաղ չեզոքացնելու պահանջ է դրվել։ Տեսչական մարմնի կողմից իրականացված բացատրական աշխատանքներից հետո տնտեսավարողի կողմից բենզալցակայանն ապամոնտաժվել է։

ՏՄ ղեկավարի մեկ այլ որոշմամբ էլ Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում շահագործվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է՝ մինչև կարգադրագրով սահմանված խախտումների վերացումը։

Կիսվել սոց․ ցանցերում