Թրшմփը կարծում է, որ Ուկրшինայում իրավիճակը մոտենում է հանգուցալուծման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունների հասնելու գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Տեսնենք՝ կարո՞ղ ենք դրան հասնել: … Կարծում եմ՝ մենք իսկապես լավ հնարավորություն ունենք սա ավարտին հասցնելու։ Եվ հիմա ամեն ինչ իր հունով է ընթանում», – ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը փորձում է խաբել Միացյալ Նահանգներին կարգավորման հարցում, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը պատասխանել է.

«Ոչ ոք ոչ մեկի հետ չի խաղում։ … Ո՛չ, ինձ հետ ոչ ոք չի խաղում։ Ես փորձում եմ օգնել», – ավելացրել է նա։

Թրամփը շեշտել է, որ ինքը մեծ փորձ ունի բանակցություններ վարելու հարցում։

«Ես գիտեմ, թե երբ են մարդիկ խաղում մեզ հետ, և երբ՝ ոչ։ Եվ ես պետք է տեսնեմ ոգևորություն, ցանկություն՝ դա դադարեցնելու։ Եվ կարծում եմ, որ տեսնում եմ այդ ոգևորությունը։ Կարծում եմ՝ տեսնում եմ այն ​​երկու կողմերում էլ», – ասել է նա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը ձգտում է լուծել ուկրաինական հակամարտությունը և ապահովել իր սեփական շահերը, և բաց է երկխոսության համար։ Այսպես է նա պատասխանել ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված Թրամփի այն հայտարարության հետ, որ այս շաբաթ ակնկալում է Ռուսաստանից պատասխան ստանալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։

Կիսվել սոց․ ցանցերում