Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 20-ին կտոնի սուրբ Զատիկը:
Այսպես է կոչվում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական պատարագ:
Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաղմոսով շնորհավորել է Սուրբ Զատիկը:
