Վաղ առավոտից Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում, որի հետևանքով դպրոցում դասերն ընդհատվել էին: Նրանք փակել էին նաև Գետք-Ղարիբջանյան ճանապարհը:
Խնդիրը կապված է ԿԳՄՍ նախարարի սեպտեմբերի 11-ի հրամանի հետ, որով, ըստ ակցիա իրականացնողների, Գետքի դպրոցը հայտնվել է օպտիմալացման ենթակա ուսումնական հաստատությունների թվում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանկավարժներից մեկը, խնդիրը ներկայացնելով, ասել է, որ հրամանն անակնկալ է եղել բոլորի համար:
«Օգոստոսյան խորհրդակցությունից հետո, երբ արդեն սեպտեմբերի 1-ին եկանք դպրոց, հրաման կա, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն անցնում են նոր ֆինանսավորման, գլխներիս վերջապես արև էր բացվել, քանի որ մինչ այս մենք վատ ֆինանսական վիճակում էինք: Մենք էլ ոգևորված սկսեցինք աշխատել, մեկ էլ սեպտեմբերի 11-ին նորից նոր ֆինանսավորման հրաման եկավ, որ մենք չենք անցնում նոր ֆինանսավորման, քանի որ բարեփոխման ծրագրում ենք ընդգրկված, այսինքն՝ փակվող դպրոցների շարքում»,- մանրամասնել է ուսուցչուհին, որը չի ցանկացել ներկայանալ:
Նրանց խոսքով՝ չեն պատկերացնում, թե ինչպե՞ս և ինչի՞ համար պետք է իրենց երեխաներն ամեն օր գյուղից գյուղ հասնեն այն պարագայում, երբ հենց Գետքում ունեն դպրոց:
«Իբր ասել են՝ տրանսպորտ կտան, որ երեխաները գնան-գան, բայց ինչի՞ համար պետք է երեխան, հատկապես՝ փոքրերը, ստիպված լինեն մեքենայով կամ ավտոբուսով գնան ուրիշ գյուղ, դաս չլինի, սպասի, մինչև հետ վերադառնալու հնարավորություն լինի: Կամ, ենթադրենք, վատ զգա, ինչ-որ խնդիր լինի, գյուղից գյուղ ծնողը արագ ո՞նց հասնի, կամ էդ երեխան տուն ո՞նց գա: Ինչի՞ համար են ավելորդ ու անիմաստ խնդիրներ ստեղծում»,- դժգոհել են ծնողները:
Ծնողները հստակ որոշել են՝ կընդդիմանան, թույլ չեն տա, որ երեխաները Երազգավորսում դպրոց գնան: Ըստ նրան՝ տներում մի կերպ ունեցած հնարավորությունների սահմաններում կփորձեն ուսուցում կազմակերպել:
Երազգավորսի դպրոցը, ըստ Գետքի մանկավարժների, չունի բավարար պայմաններ, որպեսզի իր ունեցած աշակերտների հետ նաև իրենց 70-ից ավելի սաներին ընդունի:
«Մեր դպրոցը քարաշեն է, երկհարկանի, սառը ու տաք ջրով, արևային կայանով ապահոված, դահլիճը հագեցած: Տնօրենը 1000 տեղից ծրագրեր բերած, ամեն ինչով ապահովված դպրոց է, 71 աշակերտ ունենք՝ աճման միտումով»,- նշել է մանկավարժներից մեկը:
Մանկավարժները նաև ասել են տնօրենը չի ցանկանում, որ դպրոցը փակվի, սակայն դեմ է եղել այսօրվա ակցիային. «Դասեր չանելուն, ճանապարհ փակելուն դեմ է, բայց համայնքի բնակիչները, աշակերտներն ու ծնողները որոշել երեխաներին դասից հանել, իրենց բողոքի ձայնը բարձրացրել են»:
Նրանց հետ հանդիպման եկած Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանն ու Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները փորձել են բացատրել հրամանի իմաստն ու նաև հստակեցնել, որ այն այս պահին իրագործելի չէ, առավել ևս այս տարվա մասին խոսք չկա: Գործողության վերջնաժամկետ է նշված մինչև 2026 թվականը:
Պատասխանատուներն առաջարկել են դպրոցի հանրույթին, ծնողներին և բոլոր դժգոհ կողմերին ի մի բերել ասելիքը, առաջարկություններ ու հիմնավորումներ ներկայացնել մարզպետարանի համապատասխան բաժին, որտեղից էլ այն կուղարկվի Կառավարություն, դասադուլի կարիք չկա:
Այսպիսով բողոքի ակցիան դադարել է: Ծնողներն ու մանկավարժներն ասել են, որ իրենց անելիքների մասին ավելի ուշ կխոսեն:
Ամբողջական նյութը՝
