«Ես իմ մաքսիմում էներգիան տալիս եմ, որ առաջին տեղը գրավեմ»․ Պարգը երգեց մետրոյում, հաջորդ ելույթը կլինի «Եվրատեսիլ»-ի բեմում

Հանրային հեռուստաընկերության և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ երեկ՝ ապրիլի 22-ին, կայացավ «Երաժշտական մետրո» նախագծի եզրափակիչ համերգը:

Ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը:

Համերգից րոպեներ առաջ Tert.am Life-ը զրուցել է երգչի հետ, պարզել, թե ինչ տրամադրվածությամբ է օրեր անց մեկնելու Շվեյցարիա՝ ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

«Շատ դրական էմոցիաներ եմ ստանում, մինչ մարդիկ սպասում են համերգին։ Երգելու եմ իմ երգերից, ինչպես նաև կկատարեմ եվրատեսիլյան Survivor երգը։

Այս փուլում շատ ծանրաբեռնված եմ, պատրաստվում ենք, քանի որ քիչ ժամանակ է մնացել։ Ամեն օր գնում եմ մարզումների, վոկալի դասերի։ Էմոցիոնալ առումով մի քիչ հոգնում եմ, բայց, քանի որ կողքիս շատ դրական ու լավ մարդիկ կան՝ կինս, թիմս և պորդյուսերական խումբը, օգնում են շատ դրական տրամադրվել։

Այս պահին կարևոր շեշտը դրել ենք բեմադրության վրա, այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատում ենք։ Մայիսի սկզբին կմեկնենք Շվեյցարիա ու նույն ակտիվությամբ այնտեղ կշարունակենք պատրաստվել։ Բեմադրությունը շատ դինամիկ ու ակտիվ շարժումներով հագեցած է լինելու։ Բեմում մենակ եմ լինելու, առանց պարողների։

Ես իմ մաքսիմում էներգիան տալիս եմ, որ առաջին տեղը գրավեմ, կամ գոնե 2-րդ, բայց միանշանակ ուզում եմ ու տրամադրված եմ հնգյակի մեջ հայտնվել»,-Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ Պարգը։

Կերոն զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարիա Ալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի Մետրոպոլիտենի հետ համատեղ իրականացվող «Երաժշտական մետրո» նախագծի շրջանակներում ունեցել են 16 համերգ։ Այն մեկնարկել է հունվարի 9-ին, որը կեզրափակվի Պարգի համերգով։

«Ծրագրի նպատակը երևանյան միջավայրն ավելի հետաքրքիր ու մշակութային դարձնելն է, ինչպես նաև տաղանդավոր երաժիշտներին անվճար հարթակ տրամադրելը»,- նշեց Մարիա Ալոյանը։

Նշենք նաև, որ այս համերգով Պարգը վերջին անգամ ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի առաջ, հաջորդ համերգը կկայանա արդեն «Եվրատեսիլ»-ի բեմում։

Լուսանկարները տրամադրել է Հանրային հեռուստաընկերությունը

Կիսվել սոց․ ցանցերում