Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Գերմանիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը վերաբերող հարցեր։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կլիչկոյի ֆեյսբուքյան էջին։
«Բեռլինում մենք հանդիպեցինք Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Ոչ պաշտոնական շփումների ընթացքում ես նշել եմ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու անհրաժեշտությունը։
Որովհետև մեր պետության ինտեգրումը եվրոպական և անդրատլանտյան կառույցներին ողջ Եվրոպայում խաղաղության և կայունության բանալին է։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վստահեցրել է, որ աջակցություն կլինի»,- ասել է Վիտալի Կլիչկոն։
Նա նաև ընդգծել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կենտրոնացել է Ուկրաինայում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության վրա։
«Ուկրաինան, ինչպես խոստացել էր, պետք է կատարի անհրաժեշտ պահանջները։ Հարկավոր է հրատապ բարեփոխումներ իրականացնել, որովհետև Ուկրաինայի վերականգնումն առաջին հերթին ժողովրդավարական վերափոխումներ են»,- նշել է Կլիչկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիտալի Կլիչկոն Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և քննարկել Ուկրաինային «Տավրուս» հեռահար հրթիռների մատակարարումն արագացնելու հարցը։
Վիտալի Կլիչկոն պայմանավորվել է նաև Բեռլինի քաղաքապետի հետ՝ օգնելու զինվորականների համար նորարարական պրոթեզավորման քաղաքային կենտրոնի կառուցմանը:
