«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Պարգը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ ի նշան հարգանքի 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:
«Երեւանն այսօր անձրեւոտ է, երկինքն, ասես, վշտակցում է մեզ:
Ապրիլի 24-ը, պարզապես, օր չէ, դա վերք է, որն ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։ Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն հոգիներին, որոնք զոհվել են Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մենք տանում ենք նրանց ցավը, նրանց լռությունն ու պատմությունը:
Այս տարի ես «Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլեւ որպես հայ՝ նրանց հիշատակը կրելով իմ ձայնում, նրանց ուժը՝ իմ սրտում:
Մենք մինչ օրս կանք, մենք ապրում ենք, մենք ծաղկում ենք, մենք ողջ ենք մնացել»,-ինստագրամյան «սթորի» բաժնում գրել է արտիստը, որը «Եվրատեսիլ»-ում կատարելու է Survivor երգը. այն թարգմանաբար նշանակում է «ողջ մնացածը»:

