Ադрբեջшնի ՊՆ-ն արձագանքել է Խոզնավարը գնդшկпծելու մասին հայկական կողմի հաղորդագրությանը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն արձագանքել  է ՀՀ ՊՆ հայտարարությանը Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու և քաղաքացիական ենթակառուցվածք վնասելու վերաբերյալ։

Գերատեսչությունը հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը, թե ապրիլի 23-ին, ժամը 22:20-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, իբր, «ևս մեկ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և օբյեկտների վրա։ Հակառակ կողմը տարածում է միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ տեղեկատվություն՝ ձևավորելով կեղծ կարծիք միջազգային հանրության մոտ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ»:

Նշենք՝ գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել առանց ապացույցներ ներկայացնելու, մինչդեռ ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ ՀՀ ՊՆ-ն  Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Խոզնավարի բնակելի տան գնդակոծման լուսանկարներ էր հրապարակել ու նշել, որ պատրաստ են հետաքննել միջադեպերը:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված էր ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում ադրբեջանական կողմի կրակոցները Խոզնավարի ուղղությամբ պարբերական բնույթ են կրում։

Դրանց անդրադարձել էր նաև ՀՀ-ում Եմ դիտորդական առաքելությունը։ «Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հնարավոր է՝ դրանք արձակվել են տարածքում գտնվող Ադրբեջանի  դիրքից»,- արձանագրել էր առաքելությունը ապրիլի 22-ին տարածած հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում