ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼ

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼ
Կոչ ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին և լիազոր մարմիններին՝ անհապաղ գործելու
«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԿ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՉԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ-ն սույնով պաշտոնապես դիմում է ՀՀ իշխանություններին՝ կիրառել վարչական ակտերի համաներում՝ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ ճանապարհային երթևեկության խախտումների արդյունքում հայտնվել են ֆինանսական փակուղու առաջ։
Տասնյակ հազարավոր վարորդներ այսօր չեն կարողանում անցկացնել տեխզննում, քանի որ պարտքերի պատճառով նրանց մեքենաները գտնվում են հարկադիր կատարողների վերահսկողության ներքո։ Տեխնիկական զննման չանցկացման արդյունքում՝ այդ մեքենաները կրկին ենթարկվում են վարչական տուգանքների, և երբեմն նույնիսկ տեղափոխվում են տուգանային հրապարակներ՝ զրկելով վարորդին իր միակ եկամտի աղբյուրից։
Դրա հետևանքով շատ ընտանիքներ հայտնվում են սոցիալական ծանր կացության մեջ, մեծանում է արտագաղթը, քայքայվում են ընտանեկան հարաբերությունները։
Երբ պետությունը քանդում է մարդկանց տները՝ նա քանդում է ընտանիքներ։
Կինը բաժանվում է ամուսնուց, երեխան՝ հեռանում ծնողից։
Սա պարզապես տնտեսական ճնշում չէ․ սա ազգային, հոգեբանական, սոցիալական ճգնաժամ է։
Մենք հիշեցնում ենք, որ 2018 թվականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, պետականորեն իրականացվեց վարչական տուգանքների համաներում, որը դրական արձագանք գտավ հասարակության մեջ և բազմաթիվ վարորդների համար հնարավորություն ստեղծեց վերադառնալ օրինական դաշտ և մասնակցել պետբյուջեի ձևավորմանը՝ կատարել տեխզնման վճարներ։
Այսօր նույնպես, համաներման նման որոշումը կարող է իրական, շոշափելի ազդեցություն ունենալ ոչ միայն քաղաքացիների կյանքի որակի բարելավման, այլ նաև պետբյուջեի համալրման վրա։
Այս խնդիրը մեզ համար նոր ճարտարապետության մեկնարկ է։ Ժողովուրդը պետք է հնչեցնի իր ձայնը։ Ժողովուրդն է բերել այսօրվա իշխանություններին, և այդ իշխանությունները պարտավոր են լսելու և գործելու ի շահ ժողովրդի։
Այսօր լռությունը դավաճանություն է։ Այսօր պայքարը՝ գոյության միջոց։
Ուստի կոչ ենք անում՝
ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին և համապատասխան մարմիններին՝ նախաձեռնել և կյանքի կոչել վարչական տուգանքների համաներում, որպես սոցիալական արդարության վերականգնման գործիք։
Հավատում ենք, որ այս քայլը կունենա երկարաժամկետ դրական հետևանքներ և կապացուցի, որ իշխանությունն ունի իրական կամք՝ իր քաղաքացիների ձայնը լսելու և սոցիալական ճնշումները մեղմելու ուղղությամբ։
Հ․Գ․ Չկա պառլամենտական ըդիմություն, որ այս խնդիրը բերի օրակարգ․․․
Հարգանքով՝
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ Նախագահ
Կիսվել սոց․ ցանցերում