ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերթական անգամ ասել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «միջնորդի դերից», եթե նրանց միջև խաղաղության հասնելու առաջընթաց չլինի։
Ռուբիոյի հայտարարությունը Պետդեպարտամենտի ճեպազրույցում ապրիլի 29-ին արել է գերատեսչության մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։
Հայտարարության մեջ Ռուբիոն ասել է, որ «այժմ ժամանակն է, որ երկու կողմերը»՝ Ուկրաինան և Ռուսաստանը, «անեն կոնկրետ առաջարկներ՝ հակամարտությունը դադարեցնելու համար»։
«Այժմ վարվելու որոշումը պատկանում է նախագահ Թրամփին: Եթե առաջընթաց չգրանցվի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- ասված է հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է հստակեցնել, թե ինչ ժամկետների մասին կարող է խոսք լինել, սակայն հավելել է, որ դա Ռուբիոյի «շատ հստակ հայտարարությունն է»:
Ավելի ուշ Բրյուսը հավելել է, որ հայտարարության մեջ ներկայացված կոնկրետ առաջարկները «լիարժեք, տևական հրադադարի հասնելու համար են»։
«Ոչ եռօրյա, որպեսզի մենք կարողանանք տոնել այլ բան՝ ամբողջական, երկարաժամկետ զինադադար և հակամարտության վերջը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Պուտինի առաջարկած «եռօրյա զինադադարը»։
Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ գալիք շաբաթը «կրիտիկական» է լինելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու փորձերը շարունակելու վերաբերյալ ԱՄՆ որոշման համար։
