Հետազոտողները հաշվարկել են, թե տարեկան քանի օր ենք մենք անցկացնում ինտերնետում

Տվյալները հուսադրող չեն. մեծահասակները տարվա գրեթե մեկ քառորդն անցկացնում են իրենց սմարթֆոնի էկրանին գամված։ Իսկ զումերների համար օրերի թիվն ավելի բարձր է։

OnePoll հարցումների ընկերությունը վերլուծել է ինը երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Վիետնամի, Հարավային Աֆրիկայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի և ԱՄԷ-ի 17,000 մեծահասակների էկրանի առջև անցկացրած ժամանակի տվյալները։ Արդյունքները ցույց տվեցին, որ միջինում ժամանակակից մարդը օրական մոտ 5 ժամ 48 րոպե կամ տարեկան 88 օր անցկացնում է հեռախոսով։ Այսպիսով, մենք կորցնում ենք գրեթե մեկ քառորդ տարի սքրոլինգի պատճառով։

Ինչպես և սպասվում էր, ինտերնետից ամենահաճախն օգտվել են Z սերնդի ներկայացուցիչները (ծնված 1997-2010 թվականների միջև), և յուրաքանչյուր 10-րդ հարցված խոստովանել է, որ օրական գրեթե 12 ժամ անցկացնում է սմարթֆոնը ձեռքին։

Որքան շատ էկրանային ժամանակ, այնքան վատ հոգեկան առողջություն

Նույն հարցման արդյունքները նաև ցույց են տվել , որ բոլոր մեծահասակների կեսից մի փոքր ավելին (52%) ճնշված են զգում վերջին նորություններից տեղեկացված լինելու  և իրենց լրահոսը պարբերաբար թերթելու անհրաժեշտությունից (և այժմ էլ՝ պահանջարկից), իսկ բոլոր մասնակիցների 59%-ը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ ժամանակ է անցկացրել հեռախոսով։

Հարցվածների 64%-ը նշել է, որ կարոտախտ է զգում 1990-ականների և ավելի վաղ շրջանի նկատմամբ, երբ մարդիկ նախընտրում էին դեմ առ դեմ շփումը և նորությունները իմանում էին միայն թերթերից կամ հեռուստատեսային լրատվական ծրագրերից։

Այս արդյունքներից բացի, միջազգային Statista հետազոտական ​​ընկերությունը ներկայացրել է իր վիճակագրությունը. վերջին 24 տարիների ընթացքում մեր կողմից կենդանի շփման վրա ծախսվող ժամանակը նվազել է 35%-ով, իսկ հեռախոսների վրա ծախսվող ժամանակը աճել է 54%-ով՝ սոցցանցերի ի հայտ գալուց ի վեր, այսինքն՝ 2010-ական թվականներից ի վեր։

Հետազոտողները հաշվարկել են, թե տարեկան քանի օր ենք մենք անցկացնում ինտերնետում

Կիսվել սոց․ ցանցերում