Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ ապրիլի 17-ին փորձարկվել է պինդ վառելիքով աշխատող նոր Qassem Basir բալիստիկ հրթիռ։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նշվում է, որ Նասիրզադեն IRIB 2 հեռուստաալիքին հայտնել է, որ 1200 կիլոմետր հեռահարությամբ նոր հրթիռը նախորդների համեմատությամբ ավելի լավ շարժունակություն կունենա, «անխոցելի կլինի Իսրայելի ունեցած THAAD և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար»։
Նասիրզադեն նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ «եթե մեզ վրա հարձակվեն կամ մեզ պատերազմ պարտադրեն, մենք հուժկու պատասխան կտանք»։
«Մենք կգրոհենք նրանց շահերի և նրանց բազաների վրա և այս առումով մենք չենք տատանվի կամ հաշվի չենք առնի որևէ սահմանափակում…. Մենք հարևան երկրների թշնամիները չենք, նրանք մեր եղբայրներն են, մեր թիրախները նրանց տարածքում կդառնան ամերիկյան բազաները», – ընդգծել է Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ, մի կողմից, ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք ազնիվ են և պատրաստ բանակցությունների, իսկ մյուս կողմից, նրանք կանոնավոր կերպով տարբեր ձևերով Իսլամական Հանրապետությանը սպառնում են ռազմական հարձակմամբ», – հավելել է նախարարը։
