Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ Այս մասին ասվում է Բաղդադում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որից հատվածներ մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։
«Արաբական լիգայի երկրները դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա շարունակվող հարձակումները»,- ասվում է տեքստում։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց «աջակցությունը սիրիական տարածքի միասնությանը» և մերժել են Արաբական Հանրապետության «ներքին գործերին ցանկացած միջամտություն»։
Հռչակագրում ընդգծվում է «ներառական անցումային քաղաքական գործընթացը շարունակելու» և «ազգային երկխոսության համաժողով» անցկացնելու անհրաժեշտությունը, որին կմասնակցեն սիրիական հասարակության բոլոր հատվածները։ Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը։
Բաղդադում Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովը տարածաշրջանային կազմակերպության պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր, որին մասնակցում էր Դամասկոսի նոր վարչակազմի ներկայացուցիչը։
