Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։
Անհատ ձեռնարկատերը հայտնել է, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվել է հաղորդում, ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։ Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը։
Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
