Դատախազը դատարան է հшնձնել Մեղրաշենում սպшնություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը

Դատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում, վիճաբանության ժամանակ Ա.Ա.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ.Գ.-ի կրծքավանդակին՝ ապօրինաբար զրկելով կյանքից:

Դատախազը 2025 թվականի մայիսի 12-ին, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

2025 թվականի մայիսի 19-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29-ամյա համագյուղացուն: Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական հատվածի ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել ու մահացել:

Կիսվել սոց․ ցանցերում