Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետանքով մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել։
NEWS.am–ի տեղեկություններով, դասարանի հետ նաև ծնողներ են եղել։ Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում։ 10–րդ դասարանում սովորող 4 աշակերտ որոշել է կվադրոցիկլ նստել, ղեկին ինստրուկտորն է եղել։ Դեպքին ականատես ծնողները սոցցանցերում գրել են, որ ինստրուկտորը գերազանցել է արագությունը, ինչի հետևանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, վթարից հետո վարորդը դիմել է փախուստի։
Հիշեցնենք` մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
ՔԿ-ից հայտնել են, որ քառանիվի (կվադրոցիկլ) կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` հանցագործության համար, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։ 1 անձ ձերբակալվել է:
