Եկեղեցին վերածվել է չուլանի.Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ (Տեսանյութ)

Եկեղեցին վերածվել է չուլանի Կոտայքի մարզ գյուղ Բալահովիտ
Բալահովտի եկեղեցին վերանորոգման կարիք ունի :
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կենտրոնում, ճանապարհի եզրին, կա մի եկեղեցի` սբ. Աստվածածինը: Խորհրդային տարիներից նրա`Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչությունում պահպանված անձնագրում մանրամասն ներկայացված է եկեղեցու բնութագիրը:
«Արտաքին եւ ներքին ուղղանկյան հատակագծով մեծ եկեղեցի է: Հատակը հողից է: Ստորին մասի երկու շարք քարերը համեմատաբար ավելի խոշոր են: Շարվածքում խախտումներ կան, ուստի պատերն անկանոն տպավորություն են թողնում: Ծածկն արտաքինից երկթեք է, ներսից`հարթ, փայտաշեն: Ներսում կան երկու շարք փայտե սյուներ` դրված քարե խարիսխների վրա: Արեւ. Ճակատը հոծ պատ է, պատի տակ դրված են մեծ խաչքարաբեկոր եւ տեղում եղած հին ս. Հովհաննես եկեղեցուն պատկանող սրբատաշ քարեր: Հվ. ճակատի վրա երկու ուղղանկյուն լուսամուտներ են: Մուտքն արեւմտ. կողմից է, մետաղե դռնով: Հս. ճակատին կից կառուցված է ցածր շինություն, որպես պահեստի հավելում: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարից, կիսաշաղախով: Տարածքում թափված են հին սբ. Հովհաննես եկեղեցու սրբատաշ քարերը: Չափերն են 12.8.5 մ: Պատկանում է 19-րդ դարի գյուղական եկեղեցիների պարզագույն տեսակին»,- նշված է անձնագրում: Նշված է նաեւ, որ պատմական տեղեկություններ հայտնի չեն, իսկ տեղացիների պատմածի համաձայն` այստեղ եղել է նաեւ զանգակատուն: Որոշ ներքին հավելումներ (միջնորմներ եւ տնտեսական հորեր), կառուցվել են եկեղեցին պահեստի վերածվելու շրջանում: Իսկ գյուղի մյուս ծայրին գտնվող սբ. Սարգիս են տեղափոխվել մի քանի խաչքարաբեկորներ:
Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանում, երբ իշխող էր աթեիզմը, հատկապես գյուղերում գտնվող եկեղեցիները վերածվել էին լքված պահեստների, իսկ արդեն ավելի ուշ, անկախության առաջին տարիներին, գյուղեր գնալն ու այնտեղ հոգեւոր գործունեություն ծավալելը քահանաների համար աքսորավայրի կյանք էր հիշեցնում:
Տարիների ընթացքում Հայաստանի հեռավոր շրջանների եւ գյուղերի շատ եկեղեցիների վրայից փորձեցին սրբել մոռացության փոշին, վերականգնել, հատկապես որ այդ եկեղեցիների պատերի ներսում պահպանվել էին խաչքարեր, միջնադարից մնացած արժեքավոր որմնանկարներ: Մյուսները դեռ վերարժեւորվելու, վերանորոգվելու կարիք ունեն: Բալահովիտ գյուղի եկեղեցին նրանցից մեկն է: Գյուղացիները ցանկանում են վերանորոգել եւ նրան վերադարձնել իր երբեմնի առաքելությունը: Իսկ դրա համար բարերարներ են պետք:
Կիսվել սոց․ ցանցերում