Վթարի մասնակից ավտոբուսի վարորդն ազատվել էաշխատանքից. ստուգումն անցնելիս նա եղել է սթափ, խմել՝ սկզբնակետում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացրել է, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։

Նա հիշեցրել է տարածված տեղեկատվությունը, որի համաձայն՝ վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ առավոտյան՝ ժամը 07:15-ին, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։

Վարորդից վերցվել է բացատրություն, պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքականից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 19-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Կիսվել սոց․ ցանցերում