Ինչպես որոշ ԶԼՄ-ներում կանխել «Սյունիքի հանձնումը»

2020թ. պատերազմից հետո, ի շարս այլ իրողությունների, բացահայտվեց նաեւ, թե «ընդդիմադիր» կոչվող քաղաքական տարբեր շրջանակները  եւ նրանց կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները ինչպիսի պատկերացում ունեն ազգային անվտանգության, ազգային շահերի մասին եւ ինչպիսի տեղեկատվական աղբ են մատուցում խոսքի ազատության անվան ներքո։

Մի քանի կայքեր չխորշեցին ամեն օր գուժել Ադրբեջանի կողմից  վերահաս վտանգի մասին, հրապարակել  Հայաստանի սահմանների լուսանկարներ, որոնք իբր անտեր են եւ բաց հակառակորդի ներխուժման համար։  Վերջին տարիներին էլ գրեթե ամեն օր Սյունիքն են հանձնում, «Զանգեզուրի միջանցք» տրամադրում Ադրբեջանին։ Եվ այս ամենն արվում է միայն նրա համար, որ տվյալ կայքը բավարար դիտումներ ունենա եւ արդարացնի իր գոյությունը։

Գրագետ, կեղծ լուրերի հանդեպ բավարար իմունիտետ ձեռք բերած ընթերցողը շրջանցում եւ չի կարդում այդ լուրերը՝ փնտրելով արժանահավատ տեղեկատվություն պրոֆեսիոնալ լրատվամիջոցներում։

Այնուամենայնիվ, ի՞նչ է պետք անել այդ ամենի դեմ, ինչպե՞ս են վարվում նման դեպքերում  ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող երկրներում։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ ողջ աշխարհում է հրատապ տեղեկատվության անվտանգության հարցը։

«Խոսքն առաջին հերթին արտաքին ներազդեցության մասին է։ Բոլոր տարածաշրջաններում կան քաղաքական, ռազմական խնդիրներ, եւ ապատեղեկատվությունը, հիբրիդային պատերազմը բավականին տարածված երեւույթներ  են։ Այդ առումով դրսի գործոնները մեծ ազդեցություն ունեն ներքին լրատվական դաշտի վրա, շատ հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես են դրսի նարատիվները կամ պատվերները հրապարակվում մեր լրատվական դաշտում։ Դա մտահոգիչ է, որովհետեւ մեր երկրում կան ԶԼՄ-ներ, որոնք դիտումների համար կամ կատարելով քաղաքական պատվեր՝ հրապարակում են իբր սենսացիոն տեղեկություններ։ Հետո, երբ ստուգում ես, տեսնում ես, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կամ էլ նման ԶԼՄ-ներում կարող են հայտնվել այնպիսի լուսանկարներ, տեսանյութեր, որոնք մեր սահմանային լանդշաֆտն են ցույց տալիս, ինչը խնդրահարույց է։ Իհարկե, պետությունն այստեղ լուրջ անելիք ունի, որովհետեւ պետք է տեղեկատվական ոլորտում զատի այն ամենը, ինչը հարվածում է մեր ազգային անվտանգությանը։ Դրա հետ մեկտեղ այստեղ անելիք ունեն նաեւ որակյալ ԶԼՄ-ները։ Եվ  այդպիսի տեղեկատվությունը, որը կարող է անհիմն խուճապ առաջացնել, պետք է ստույգ փաստերով հերքվի։ Այսօրվա տեխնոլոգիական զարգացումները հասել են այնպիսի մակարդակի, որ ցանկացած ոք ցանկացած տեղեկություն կարող է հրապարակել սոցիալական ցանցերում, բայց բովանդակությունը, որը վնասում է հասարակական կարգն ու մթնոլորտը, պետք է հիմնովին հերքվի։ Շատ կարեւոր է նաեւ հասարակության մեդիագրագիտությունը։ Այսօր այն մարդը, որը չի զբաղվում մեդիագրագիտությամբ, ապակողմնորոշված, խաբված լինելու ռիսկին է ենթարկվում։ Ինչ-որ առումով, իհարկե, կա դրական տեղաշարժ։ Հասարակությունն  այսօր ավելի տեղեկացված է, թե որ լրատվամիջոցն ում է պատկանում։ Լրատվական դաշտում չի արմատավորվել նաեւ օրենսդրական պահանջի կատարումը, որպեսզի գրեն, թե տվյալ ԶԼՄ-ի հիմնադիրներն ովքեր են։ Պետությունը պետք է հետեւի, որ օրենսդրական պահանջները կատարվեն։ Հայաստանը փոքր երկիր է, եւ այսօր քաղաքացիները գոնե գիտեն, թե որ հեռուստաալիքը կամ որ կայքն  ում է պատկանում։ Եվ այդ առումով էլ ընթերցողը կարողանում է կողմնորոշվել, թե որքանով է վստահելի տվյալ ԶԼՄ-ն։ Այնուամենայնիվ, մեդիագրագիտության մակարդակը պետք է բարձրացնել»։

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում