Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի փորձից հետո չկարողացան նրան բերման ենթարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Քննչական կոմիտեի շենքի դիմաց հավաքվում են նրա աջակիցները։
Ավելի վաղ, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ «իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի» վերաբերյալ, սրբազանը դրանք «բացարձակ շինծու ու ապօրինի» էր որակել՝ ընդգծելով, որ իր ասածներից չի հրաժարվում։
Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպը նա որակել էր «մասկի շոու» և իշխանության ուժի ցուցադրում։
«Վարույթը նախաձեռնվել էր ամսի 17-ին, ինձ կարող էին այդ ժամանակ ձերբակալել։ Իրենք գիտակցաբար արեցին, որ ցույց տան իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս։ Նրանք չպետք է չիմանային, որ այսօր նախատեսված է քահանայաց ժողով, շատ լավ գիտեին»,- ասել էր նա։
ԱԱԾ-ից այսօր հայտնել էին, որ 2025-ի հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (աշխարհիկ անունը՝ Գևորգ Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, այն է՝ զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելը։
