«Մեր դաշնակից Ռուսաստանը շարունակում է ադրբեջանցիների ցեղասպանությունը: Որպես 1918, 1947-53, 1988, 1992 թվականներին իրականցված փորձերի շարունակություն՝ Եկատերինբուրգում Սաֆարովների ընտանիքի հինգ անդամ է սպանվել, ինը հոգի ձերբակալվել է»,- Facebook-ի անձնական էջում գրել է Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին: Ավելի վաղ Բաքվի լրատվամիջոցները հայտնել են Սաֆարով եղբայրների՝ Զիադինի և Հուսեյնի «դաժան ծեծի հետևանքով մահվան» մասին և հավելել, որ ևս երեք Սաֆարով «ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախ հանդես է եկել հայտարարությամբ, ապա տեղեկություն տարածել, որ հունիսի 28-ին Բաքվում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը հրավիրվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան փոխանցվել է «վճռական բողոք՝ կապված Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահների կողմից իրականացված բնակարանային ներխուժումների հետ»: Ադրբեջանի ԱԳՆ-ն «պահանջել է ամենամանրակրկիտ ձևով հետաքննել կատարվածը և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել»:
Այս տեղեկատվությունը հրապարակվելուց ժամեր անց ՌԴ Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ Սաֆարովների սպանության մասին ոչ մի խոսք չկա: ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ Սվերդլովսկի մարզային վարչությունը քննվող գործի շրջանակներում բացահայտել է «էթնիկ հանցախումբ», որի անդամները կասկածվում են 2001, 2010 2011 թվականներին իրականացրած մի շարք սպանությունների և մահափորձերի մասնակցության մեջ:
Ըստ ՌԴ ՔԿ-ի հայտարարության՝ «գործով կան բերման ենթարկված անձինք, որ համագործակցում են նախաքննության հետ եւ տալիս են խոստովանական ցուցմունքներ»: Ահա և՝ Մոսկվայի պատասխանը Բաքվին. խուզարկություններ են կատարվել նախկինում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, քանի որ բացահայտվել է էթնիկ հանցախումբ, ձերբակալվածները տալիս են խոստովանական ցուցմունքներ:
Բացառված չէ, որ Զիադին և Հուսեյն Սաֆարովները, ինչպես և հիվանդանոց տեղափոխված մյուս երեքը խուզարկություն իրականացնելու նպատակով իրենց բնակարան մուտք գործող ԱԴԾ-ական զինված դիմադրություն են ցույց տվել: Հնարավոր է՝ ռուսաստանյան հատուկջոկատայիններն իրոք «սպանդ են կազմակերպել»: Էական է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Եկատերինբուրգում վնասազերծված և բերման ենթարկված ադրբեջանցիներին անվանում է «էթնիկ հանցախմբի անդամներ»:
Անցյալ տարեվերջին Բաքու-Գրոզնի չվերթի օդանավակի խորտակումից ի վեր ռուս-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն սառն են: Եկատերինբուրգում էթնիկ հանցախմբի բացահայտման շուրջ պաշտոնական Բաքվի արձագանքը վկայում է, որ գործի քննությունը Ադրբեջանի իշխանություններին կարող է «տհաճություններ պատճառել»: Անհավանական չէ, որ եկատերինբուրգյան «սպանդը» հենց այդ նպատակն է հետապնդում՝ զգուշացնել Բաքվին, որ «ուղեգծից շեղումը պատժվում է տեղում»:
