Ազգային ժողովը հուլիսի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ ոչ էական ավտովթարից հետո 20 րոպեի ընթացքում մեքենաները երթևեկելի գոտուց մեքենաները չհեռացնելու համար։ Պահանջը չկատարող վարորդները կտուգանվեն 30,000 դրամի չափով։
Օրենքի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Նախաձեռնության հիմնական նպատակը քաղաքներում արհեստական խցանումների կանխարգելումն է։ Ըստ հիմնավորումների՝ ներկայում նույնիսկ երկու մեքենայի մասնակցությամբ, առանց տուժածների պատահարների դեպքում փաստաթղթերի ձևակերպման գործընթացը տևում է միջինը 1 ժամ 12 րոպե, ինչը լուրջ բացասական տնտեսական և անվտանգային հետևանքներ է ունենում երթևեկության մյուս մասնակիցների համար։
Նոր կարգավորումը կգործի բացառապես այն դեպքերում, երբ առկա են հետևյալ պայմանները՝ պատահարին մասնակցում է երկու տրանսպորտային միջոց, արձանագրվել է միայն գույքային վնաս, կողմերը համաձայնության են եկել մեղավորության հարցում և լրացնում են «համաձայնեցված հայտարարագիր», իսկ մեքենաները չունեն տեխնիկական խոչընդոտներ շահագործումը շարունակելու համար։ Ըստ նախագծի հեղինակների՝ այս պայմանները վերաբերում են ապահովագրական պատահարների շուրջ 85 տոկոսին։
Գործընթացը պարզեցնելու համար նախատեսվում է արդիականացնել նաև ԱՊՊԱ «ASWA» բջջային հավելվածը։ Վարորդները կկարողանան QR կոդերի միջոցով արագ փոխանակել տվյալները, ինչպես նաև հավելվածի միջոցով կստանան ծանուցում՝ 20 րոպեի ընթացքում տարածքը լքելու պարտավորության մասին։
