Երեկ՝ հուլիսի 7-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Որոշ ժամանակ անց «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ, որտեղ դարձյալ բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ նա նույնպես տեղափոխվել է վիրահատարան և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ երկրորդ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշամամբ։
Որոշ ժամանակ անց Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում գտնվող «Infiniti» գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր, կոտրված ապակու կտորներ։
Տեղում պարզվում է, որ ժամը 01։30-ի սահմաններում նշված գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է առաջացել ակումբի անվտանգության աշխատակից, Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Սարգիս Դ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչատուր Ն․-ի միջև։
Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը և նրանց ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ է իրականացվում։
