ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից սկսած Կանադայից ներմուծման վրա կսահմանի 35% մաքսատուրք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի՝ հուլիսի 11-ին, իր սեփական Truth Social սոցիալական ցանցում։ «Միացյալ Նահանգների հետ համագործակցելու փոխարեն, Կանադան պատասխանել է՝ սահմանելով իր սեփական մաքսատուրքերը», — գրել է Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված նամակում։
Եթե Օտտավան համագործակցի Վաշինգտոնի հետ՝ ֆենտանիլի հոսքը դադարեցնելու համար, «մենք, հավանաբար, կքննարկենք» ճշգրտման հնարավորությունը, հավելել է նա։
Քարնին Թրամփին պատասխանել է X սոցիալական ցանցում՝ նշելով, որ Կանադան արդեն «կարևոր առաջընթաց» է գրանցել թմրամիջոցային օփիոիդային ցավազրկողի տարածման դեմ պայքարում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ 35% մաքսատուրքերը կլինեն առանձին բոլոր ոլորտային մաքսատուրքերից։ Օտտավայի վրա կգործեն 50% ԱՄՆ մաքսատուրքեր պողպատի և ալյումինի ներմուծման վրա, 25% մաքսատուրքեր՝ ավտոմեքենաների և 50% մաքսատուրք՝ պղնձի վրա, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, հաղորդում է CNBC-ն։
Կանադայից ԱՄՆ ներմուծվող մյուս ապրանքները ենթակա են 25% հարկի, որը Թրամփը սահմանել էր այս տարվա սկզբին՝ ֆենտանիլի առաքման մեջ երկրի ենթադրյալ դերի պատճառով: Բացառություններ են արվում ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում գործող ապրանքների համար: Կանադայից էներգակիրների ներմուծումը ենթակա է 10% հարկի:
