«Բնականաբար, այս հարձակումը ոչ միայն ԼՂ-ի վրա է, այլ թիրախում նաև ՀՀ-ն է, որովհետև հասկանալի պատճառով ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները ազդեցություն են ունենում Հայաստանի վրա: Դուք դա տեսել եք 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ հարձակման ենթարկվեց Կառավարական շենքը, և այսօր էլ տեսաք, որ ՀՀ-ում որոշ ուժեր արտաքին ուժերի ուղիղ աջակցությամբ փորձում էին ՀՀ-ում թիրախավորել իշխանությանը»:
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հաղորդավարը նկատել է, որ մարդիկ այս 5 տարիների ընթացքում գոռացել են պետական ու ռազմական հեղաշրջման մասին և պատասխանատվության չեն ենթարկվել: «Ընդունո՞ւմ եք, որ այսօր կան մարդիկ, որ երբ հարձակում է գնում Արցախի դեմ, այդ մարդիկ գալիս են ու ջարդում Կառավարության շենքը: Բա պետությունն ինչի՞ համար է, ինչո՞ւ չեք չեզոքացրել այդ մարդկանց»,- հարցրել է նա Գրիգորյանին:
Արմեն Գրիգորյանը արձագանքելով ասել է. «Դա ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, բայց, բնականաբար, այդ մարդիկ օգտագործվում են այլ երկրների կողմից, ճիշտ հարց եք բարձրացնում: Պետք է հանրությունը շարունակի ուշադրություն չդարձնել նրանց, իշխանությունը պետք է շարունակի ուշադրություն դարձնել և քայլեր է ձեռնարկում»:
Հարցին՝ ընդունում է, որ ինչպես ընդդիմությունն է ասում, մեզ այս օրին հասցրել է իշխանությունը, որ հետևողաբար փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, և հիմա ՌԴ-ն վերադարձնում է պարտքը, Գրիգորյանը պատասխանել է.
«Նախ, ՌԴ-ն վաղուց է համագործակցում Ադրբեջանի հետ, 5 միլիարդի զենքը, որ սկսել են վաճառել 2011 թվականից, և նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարել, առնվազն մինչև 2021-22 թվական, միանշանակ է, որ դա զուտ մեղադրանքի պատճառ է: ՌԴ-ն ունի հստակ պարտավորվածություն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ԼՂ-ն պաշտպանելու, ի՞նչ հարց է առաջանում ՀՀ իշխանությունների հանդեպ, ՌԴ նախագահի ստորագրություն կա, ստացվում է՝ այդ ստորագրությունը հեչ, ՀՀ իշխանությունների մեղադրանքը կարևոր է:
Ադրբեջանն այս պահին լայնածավալ գործողություններ է սկսել, իսկ իրենք հայտարարություններ են տարածում, որ մի քանի րոպե առաջ են իմացել, իսկ իրականության մեջ, առնվազն սեպտեմբերի 4-ից սկսած, երբ որ մենք տեսել ենք լայնածավալ այդ գործողությունները, միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել: Փաշինյանը նաև նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, որտեղ իրավիճակն ամբողջովին նկարագրվել է, և նրանք ունեն ստորագրության պարտավորություն, որը պիտի կատարեն»:
