ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:
«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈՒ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում չեն մանրամասնում, թե ինչ առաջարկի մասին է խոսքը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, երեկ պաշտոնապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ դրանք որակելով հորինված տերմինով՝ որպես «տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություններ»:
Ժամը 13:00-ից սկած՝ գնդակոծվել են Ստեփանակերտն ու մյուս շրջանները:
Քիչ ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահներին նախապես տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն սկսելու մասին:
Ժամը 22:30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղն ունի 32 զոհ, 200-ից ավելի՝ վիրավոր: Սրանք, սակայն, թվեր են միայն բնակավայրերից, որտեղ կա կապի հասանելիություն և հնարավոր է եղել ճշտումներ իրականացնել: Մի շարք համայնքների հետ հնարավոր չէ կապ հաստատել, այդ համայնքներում բնակչության մասին փաստեր հավաքելն անհնար է, բացի այդ, դեռևս հնարավոր չէ տվյալներ ստանալ ԼՂ դիրքերում կորուստների մասին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ, ԱԹՍ-ներ, ավիացիա:
