ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարություն է տարածել, որով փորձել է հերքել համացանցում, այդ թվում՝ Civic.am կայքում տարածված տեսանյութը, որով բացահայտվում են իր գործակալական ծառայությունները՝ Պուտինին, և իր խնդրանքը՝ «իրավիճակից սահուն ելք» ապահովելու մասին։
Նա ձայնագրությունը անվանել է «նեյրոնային ցանցի տեխնոլոգիայով կեղտոտ և էժան կեղծիք»՝ հիմնավորելով․ «Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը»։
Ապա եզրակացրել է․ «Ակնհայտ է, որ այս ֆեյքի հայտնվելը հենց հիմա կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ»։
Ասել է թե՝ Քոչարյանը նաև խոստովանել է, որ մինչ իր յուրայինները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը ու մյուս գործակալները ռուսական «Լավրովի պլանով» հանձնում են Արցախը, ինքը պատրաստվում է Հայաստանի «առաջիկա քաղաքական գործընթացներում» ակտիվ դերակատարություն ունենալ՝ «Լավրովյան պլանը» իրագործելու մեղքը գործող իշխանության վրա բարդելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ համացանցում է հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղտնի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որում նա խնդրում է իրեն դուրս բերել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից, քանի որ այս իրավիճակում իրեն պատանդ է համարում։
«Քանի որ իմ մուտքը քաղաքականություն և ակտիվ հակադրությունը գործող իշխանություններին 2018-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո տեղի է ունեցել ձեզ հետ փոխհամաձայնությամբ և փոխպայմանավորվածություններով, ես կխնդրեի ձեզ ապահովել իմ սահուն ելքը այս իրավիճակից. ապրել և աշխատել այստեղ՝ Հայաստանում, մշտական թիրախի տակ և պատանդի կարգավիճակով, համարում եմ անընդունելի: Ձեր խոսքն այստեղ վճռորոշ նշանակություն ունի, և ի վիճակի չեն ոչ մի կերպ ձեզ ուղղակի մերժել, ուստի ես խնդրում եմ ապահովել իմ սահուն ելքն այս իրավիճակից»,- հեռախոսազրույցում Պուտինին ասել է Ռոբերտ Քոչարյանը:
