Ադрբեջшնի նախագահ Աлիևը ժամանեց Սպիտակ տուն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմավորման արարողության ժամանակ լրագրողի հարցին, թե որքանո՞վ է ԱՄՆ նախագահը վստահ, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կլինի տևական խաղաղություն, Թրամփն ասաց. «Շատ վստահ եմ»։

Հաջորդ հարցին՝ արդյոք այսօրվա համաձայնագիրը կպաշտպանի քրիստոնյաներին, Թրամփը չպատասխանեց։

Լուսանկարվելուց հետո երկու երկրների նախագահները մտան Սպիտակ տուն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահական նստավայրի դիմաց Թրամփը դիմավորել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կայացել էր  նրանց երկկողմ հանդիպումը։

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Truth Social հարթակում անդրադարձել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ սպասվող եռակողմ հանդիպմանը՝ այն որակելով պատմական։ 

«Ես անհամբերությամբ սպասում եմ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», — գրել էր ԱՄՆ նախագահը։ 

Նա հավելել էր, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և նշել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1226767?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR4lndxBllXEXnupKTdtgaESAYukGTRTLDzkulTnOv-uDyXa-rFw46NYlZj_eQ_aem_9ExOHdjBRlIENXWvK71IvQ

Կիսվել սոց․ ցանցերում