Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնում հանդիպումների արդյունքները։

Պատասխան. Եթե կարճ, ապա Սպիտակ տանը տեղի ունեցածն, իհարկե, պատմական իրադարձություն էր։ Նկատի ունեմ նախևառաջ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության,  սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։

Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։

Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ։

 

Ամբողջական նյութը՝

https://news.5tv.am/entakaroucvacqnery-gorcelou-en-hh-inqnishxanoutyan-ev-iravazoroutyan-shrjanakneroum-chka-oreve-errord-koghmi-verahskoghoutyoun-mirzoyan?fbclid=IwY2xjawMFXWZleHRuA2FlbQIxMQABHkogGfPXywz-hdy3XHpedaJf5trNw4htoS5Svtq6EW_RazT6g9GqkmbIRvY8_aem_uNUtQmGZooneTYLV_gYfsQ

Կիսվել սոց․ ցանցերում