Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և այլն։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնաարվորինս շուտ ազատվել ցավից։
Գլխացավերը մեղմելու համար մարդիկ սովորաբար ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը կտրուկ է ի հայտ գալիս, իսկ ցավազրկող միջոց ձեռքի տակ չի լինում։ Բացի այդ, շատերը պարզապես խուսափում են ցավազրկողներից, քանի որ դրանք բավական լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող են դադարել օգնել։ Նման դեպքերում օգնության են հասնում փորձված բնական միջոցները, որոնք օգնում են շատ արագ մեղմել ցավն ու կանխել խնդրի կրկնությունը։ Ճիշտ միջոցների կիրառման դեպքում գլխացավից հեշտությամբ կարելի է ազատվել անգամ առանց դեղորայքի, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը։
- 2 ճաշի գդալ լորենու ծաղիկներին ավելացնել 2 բաժակ տաք ջուր, դնել կրակին ու եռացնել 10 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է խմել քնելուց առաջ մեկ բաժակ։
- 1 թեյի գդալ գնարբուկի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև թողնել հեղուկը սառչի և քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել քնելուց առաջ կես բաժակ։
- 1 թեյի գդալ հազրեվարդի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան կափարիչով ծածկել ու թրմել 10 րոպե, այնուհետև քամել և խմել։
- Խառնել 20-ական գրամ լվածաղկի ծաղիկները, լորենու ծաղիկներն ու պատրինջի տերևները, այնուհետև խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր, թրմել մեկ ժամ և քամել։ Ստացված թուրմը հարկավոր է բաժանել երկու մասի և խմել օրական երկու անգամ՝ ուտելուց երկու ժամ անց և քնելուց առաջ։
- Խառնել հավասար քանակությամբ երիցուկի մանրացրած ծաղիկները, անանուխի տերևները, հոռոմ-սամիթի պտուղներն ու կատվախոտի արմատը, այնուհետև խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել կես ժամ թերմոսի մեջ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում։
- Վերոնշյալ թուրմերից բացի գլխացավի դեպքում շատ արդյունավետ կարող են լինել նաև թարմ ելակի, սև հաղարջի կամ բռնչիի հատապտուղների հյութերը։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել գլխացավերի դեմ պայքարում, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում նման ցավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման բնական միջոցներն ունենում են որոշակի հակացուցումներ և ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
