Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել, հայտնել է ՌԴ իրավապահ մարմիններից մեկի հավաստի աղբյուրը, փոխանցում է «Ռիա»-ն:
«Հանցագործության առաջին կասկածյալները բերման են ենթարկվել»,- ասել է նա։
Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս զինծառայողների մահվան մեջ, հեռացվել է իր պարտականություններից, հավելել է աղբյուրը։
Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղ գյուղի մոտ գնդակոծել էին ռուս խաղաղապահների ավտոմեքենան, սպանվել էր 4 զինվորական։ Տեղում աշխատում են քննիչներ, կապի մեջ են Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազությունները։
Այսօր Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և ներողություն խնդրել ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Նա նաև առաջարկել է դրամական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։ Ալիևն ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի առավելագույնս մանրակրկիտ կերպով, և բոլոր մեղավորները կպատժվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մեքենայի գնդակոծության հետևանքով զոհերի թվում է նաև զորախմբի փոխհրամանատար Իվան Կովգանը:
