ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀՀ ԵՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՌԱԶՄՍՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրապարակվել է ՀՀ և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարությունը։

«Հայաստանի Հանրապետությունը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),

հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա,

համակարծիք լինելով, որ 1992 թվականի ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են դինամիկ կերպով, իսկ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է դրական արդյունքների,

լիովին հանձնառու լինելով ընդլայնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության ու կայունության խթանման գործում,

համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցությամբ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կողմերն առաջնորդվում են խաղաղ գոյակցության սկզբունքներով՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ագրեսիայի բացառման, ներքին գործերին չմիջամտելու, հավասարության եւ փոխադարձ շահի, ինչպես նաեւ խաղաղ գոյակցության սկզբունքներով։

Կողմերը հարգում են միմյանց կողմից յուրաքանչյուրի ազգային առանձնահատկություններին համապատասխան ընտրված զարգացման ուղիները եւ երկկողմ հարաբերությունների մասով քաղաքականության հարցում անկախ որոշումների կայացումը։ Կողմերը հանդես են գալիս որպես միմյանց համար վստահելի գործընկերներ, ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններից, որոնք վնասում են մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ զարգացման շահերին, կամ ցանկացած գործողությունից, որը խախտում է երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը։ Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին եւ ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կողմերը հավատացած են, որ առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգները որեւէ նպատակի չեն կարող ծառայել, եւ համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ հրահրում նոր էսկալացիա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կանոնավոր կերպով անցկացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ, ինչպես նաեւ ընդլայնելու հաղորդակցությունը կենտրոնական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ կուսակցությունների միջեւ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման նպատակով։

Կողմերն էապես կարեւորում են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հետագա համագործակցությունը եւ ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ քաղաքական երկխոսության խթանման գործում։

Կողմերն ընդգծում են երկու երկրների կառավարությունների միջեւ հաղորդակցության մեխանիզմների հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ զարգացման եւ անվտանգության հարցերի շուրջ տեսակետների փոխանակման նպատակով։

Կողմերը պատրաստակամ են ամրապնդել իրավական եւ դատական ոլորտներում համագործակցությունը եւ փոխանակումը ՝ հավասարության, փոխադարձ շահի եւ հարգանքի հիման վրա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրավապահ եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը, գործադրելու համատեղ ջանքեր՝ ահաբեկչության, սեպարատիզմի, ծայրահեղականության, կիբեռհանցագործությունների եւ այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ։

Կողմերը շարունակելու են ընդլայնել միջտարածաշրջանային համագործակցությունը։

Կողմերը շարունակելու են հարստացնել քաղաքական եւ պայմանագրային-իրավական հիմքերը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Կողմերը ողջունում են վերջին տարիներին երկկողմ առեւտրի կայուն աճը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու դրա հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման եւ դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաեւ Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները եւ համագործակցությունը՝ առեւտրի եւ ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն։

Կողմերը ճանաչում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի էական դերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր կերպով գումարել Հանձնաժողովի նիստերը եւ ջանքեր գործադրել դրա որոշումների համապարփակ իրագործման ուղղությամբ, ինչի համար երկու կողմերն էլ բարձրացնում են Հանձնաժողովի համանախագահների մակարդակը։

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առեւտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների եւ առեւտրի միջազգային տոնավաճառին եւ այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման եւ վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։ Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այդ թվում՝ «EXPO Food and Drinks», «ArmProd EXPO», «Build EXPO», «Industrial Armenia EXPO», «DigiTec Expo», «ArmHighTech Exhibition» ցուցահանդեսներին, եւ այլն։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումները՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը, եւ ակտիվորեն ուսումնասիրում են առեւտրի եւ ներդրումների ընթացակարգերի ազատականացման եւ դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, եւ աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը եւ մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքրեւ գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության համար, ներառյալ՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջեւ հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջեւ շփումները եւ ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) եւ այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/425c8985022cc69f21d201279ddb38b3?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR7cHnjCplc1-cXx106Vhu0vjAEaYA3RT11D38igMwZ15ofAlu9dHshQBHIpnw_aem_YoWThMJvyyuA66opHpGnhw

 

Կիսվել սոց․ ցանցերում