Ապատեղեկատվություն տարածողները պետք է կարդան սա և դարձնեն դասագրքային՝ պարտադիր սովորելու համար. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում թվարկել է վերջին 1-2 տարում հաջողությամբ ձեռք բերված բարձր մակարդակի հարաբերությունների հաստատումները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, կարևոր պետությունների հետ:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պրոակտիվ արտաքին քաղաքականությունը՝ հաջողությամբ առաջ մղելով բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը։

Հայաստանը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հաստատել է ամենաբարձր մակարդակի հարաբերություններ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ․

  • Հայաստան–ԵՄ հարաբերությունները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա։
  • Հայաստան–Ֆրանսիա հարաբերություններն արդեն ռազմավարական բնույթ ունեն, և առաջիկայում դրանց կտրվի նաև ֆորմալ ձևակերպում։
  • Հայաստան–Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը համաձայն վերջին պայմանավորվածություններ կբարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։
  • Հայաստան–ԱՄՆ հարաբերություններն արդեն ռազմավարական գործընկերության բնույթ ունեն, իսկ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը այդ հարաբերություններին նոր բովանդակություն են տալիս։
  • Հայաստան–Իրան հարաբերությունները ակտիվ զարգանում են` ընդգրկելով ռազմավարական կարևորության մի շարք ոլորտներ։
  • Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները նույնպես ռազմավարական բնույթ ունեն, և քննարկվում է դրանց ֆորմալ ձևակերպման հարցը։
  • Հայաստան–Վրաստան հարաբերությունները հասցվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 4-օրյա աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, որտեղ հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն։
  • Հայաստանը ակտիվ հարաբերություններ է հաստատում նաև Պարսից ծոցի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ։
  • ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, շարունակում է զարգացնել ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ նաև այդ կազմակերպության անդամ երկրների հետ։

Հ.Գ. Նրանք, ովքեր առավոտից երեկո՝ հիբրիդային պատերազմի շրջանակներում, ապատեղեկատվություն են տարածում, թե Հայաստանը, ինչպես իրենց իշխանության տարիներին, հարաբերություններ է կառուցում մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, պետք է կարդան այս ամենը և դա դարձնեն դասագրքային՝ պարտադիր սովորելու համար։ Որպեսզի հասկանան՝ ինչպես պետք է անել, որ երկիրը բացարձակ կախվածության մեջ չդրվի մեկ կենտրոնից՝ իր բոլոր հետևանքներով։

Սա է իրական Հայաստանի արտաքին քաղաքականության և աշխարհատնտեսական կոնցեպտը, որի հիմքում դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ընդունելություն է գտնում աշխարհի մեծ ու փոքր պետությունների կողմից՝ նրանց բերելով մեր խաչմերուկ»,- գրել է Ղազարյանը:

Կիսվել սոց․ ցանցերում