Մենինգիտի առաջին ախտանշաններն են սուր գլխացավը, պարանոցի ցավերը և ոտքն ուղիղ վիճակում բարձրացնելու անկարողությունը: Այս մասին «Говорит Москва» պարբերականի հետ զրույցում ասել է վարակաբան Վլադիսլավ Ժեմչուգովը՝ նշելով կյանքին սպառնացող այս հիվանդության ամենավաղ դրսևորումները։
Ինչպես նախազգուշացրել է մասնագետը, մենինգիտը չափազանց վտանգավոր հիվանդություն է, ուստի այն հնարավորինս արագ բացահայտելը շատ կարևոր է։ Ընդ որում՝ մարդը խնդիրը կարող է ինքնուրույն նկատել հիվանդության առաջին իսկ օրը:
Բժշկի խոսքով՝ մենինգիտի դեպքում հիվանդի մոտ նկատվում է աչքերի ու պարանոցի ցավ և սաստիկ գլխացավ։ Բացի այդ, այս վիճակը կարող է ուղեկցվել գրիպին ու սուր շնչառական վիրուսային հիվանդություններին բնորոշ ախտանշաններով՝ հազով և քթի փակվածությամբ:
Այնուամենայնիվ կա մենինգիտին բնորոշ արտասովոր մի ախտանշան, որը կօգնի հեշտությամբ տարբերել այն հասարակ հարբուխից ու գրիպից։ Խոսքը հարթ մակերևույթին պառկած ժամանակ ուղիղ ոտքը բարձրացնելու անկարողության մասին է, որը սովորաբար ուղեկցվում է պարանոցի սաստիկ ցավով ու գլխացավով, երբ որևէ մեկը փորձում է օգնել հիվանդին բարձրացնել ոտքը։
Վարակաբանի խոսքով՝ վերոնշյալ ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել, քանի որ խնդիրը կարող է շատ վտանգավոր լինել ու սպառնալ հիվանդի կյանքին։
