Նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբшկալվել է. ՔԿ-ն՝ դեսպանի եղբորն առնչվող միջադեպի մասին

ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանել են դեսպանի եղբոր առնչությամբ միջադեպը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՔԿ-ից փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

«Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»,- հավելել են ՔԿ-ից:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ոստիկանները ձերբակալել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:

Կատարվածին անդրադարձել է ՆԳՆ-ն՝ հայտնելով, որ Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցված տրանսպորտային միջոցի ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։

Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։

Կիսվել սոց․ ցանցերում