ԼՂ-ն լուծարում է պաշտպանական բшնակը. 2 տարի առաջ այս օրը

Երկու տարի առաջ այս օրը՝ 2023թ. սեպտեմբերի 20-ին Արցախի տեղեկատվական շտաբը ադրբեջանական հարձակումից ու թեժ մարտերից մեկ օր անց հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ընդունում են կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը։

Բացի այդ, Արցախի իշխանությունը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «ռուսական զորակազմի տեղակայման վայրից հանել Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները, լուծարել և ամբողջությամբ զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, ինչպես նաև դուրս բերել ծանր զինտեխնիկան Լեռնային Ղարաբաղից՝ այն արագորեն ոչնչացնելու նպատակով»։

Radar Armenia-ն ներկայացնում է այդ օրվա հայտարարությունը.

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

1. ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ  ձեռք է բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ից լիակատար հրադադարի մասին պայմանավորվածություն։

2. Ձեռք է բերվել համաձայնություն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները դուրս բերելու վերաբերյալ, ինչպես նաև ԼՂ պաշտպանական բանակը զինված կազմավորումների ապագոյացման և լիակատար զինաթափելու, ծանր տեխնիկայի ու զենքի դուրսբերման և դրանց արագ ոչնչացման համաձայնություն։

3. Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, նրանց իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հետ կապված, Ադրբեջանի կողմից առաջադրված հարցերը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղական հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետությունի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում, ինչպես նաև հետագա հանդիպումների ընթացքում։

ԱՀ նախագահի աշխատակազմի ՏԳՎ

Կիսվել սոց․ ցանցերում