ԹԵՀՐԱՆԸ ԵՒ ՄՈПԿՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

Իրանը և Ռուսաստանը մի շարք փաստաթղթեր կստորագրեն համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։

«Իրանը և Ռուսաստանը «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջոցառումների ժամանակ համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթղթեր կփոխանակեն և կստորագրեն»,- ասել է նա իրանական լրատվամիջոցներին Մոսկվա ժամանելուն պես։

Խոսելով երկիրը 20 000 մեգավատ էլեկտրաէներգիայով ապահովելու ծրագրերի մասին՝ երկրում ԱԷԿ-ի զարգացման հաշվին, նա ընդգծել է, որ «երկու երկրների կառավարությունների միջև համաձայնություններ են ձեռք բերվել, Ռուսաստանի համար այս հարցում որոշակի բաժին է նախատեսվել»։

Միևնույն ժամանակ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Էսլամին «Համաշխարհային ատոմային շաբաթվան» մասնակցելուց բացի, կայցելի «Ռոսատոմ» և Կուրչատովի անվան ինստիտուտ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6fcb8aaef540b865cd50d97fca3886b5

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում