Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տուժած քաղաքացին գիտակցության է եկել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով.
«Քննիչը նրան հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Վիրավորում ստացած անձ Արծրուն Գալստյանն է:
Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր, հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։
