ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօր կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ենթահամակարգերի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, կրթական համակարգում արհեստական բանականության ներդրման, հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևի թվայնացման արդյունքները:
Ողջունելով ներկաներին և կարևորելով հանդիպման ձևաչափը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտի թվայնացման գործընթացին՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մի կողմից բացում են նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ առաջ բերում նոր մարտահրավերներ: «Մենք ունենք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ որպես բազմազան տվյալների մի ամբողջություն: Մեր առաջնային խնդիրն է հասկանալ՝ ինչպես ենք այդ տվյալներն օգտագործում, ինչքանով են դրանք կիրառվում քաղաքականության մշակման, որոշումների կայացման գործընթացներում: Կարևոր է նաև, թե ինչպես են այդ տվյալները նպաստում կոնկրետ իրավիճակների մասին ավելի խորքային տեղեկատվություն ստանալու, արդյունավետ բանաձևեր գտնելու առումով: Տեղեկատվական համակարգի գործածումը մի կողմից օգնում է, որ աշխատանքը դառնա ավելի թափանցիկ և հաշվետվողական, մյուս կողմից՝ բազմաթիվ խնդիրներ է բացահայտում՝ ՏՏ գործիքների՝ տարրական մակարդակի տիրապետումից մինչև դպրոցի կառավարման հետ կապված խորքային խնդիրներ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս ուղղությամբ հավելյալ վերապատրաստումների և աջակցության կարիք կա:
