Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ`գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։
Այս մասին հայտնել է ՇՄ նախարարությունը:
«Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։ Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն:
Մինչև այդ, խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հոկտեմբերի 11-ի լուսադեմին աղբավայրում գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:
Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 14։00-ի դրությամբ, Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։
