ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատմանը և դրա համատեքստում ընդդիմախոսների քննադատությանը:
«Վերջին երկու օրերի ընթացքում հանրային տարբեր հարթակներում կամ հանրային տարբեր գործիչների կողմից տարբեր տիպի քննադատություններ են հնչել: Նշեմ, որ այս միտքը նոր չէ: Խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական գործողությունների մեջ, թող կարդան կառավարության ծրագիրը։ Մենք կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5-ամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ Դա սևով սպիտակի վրա գրված է:
Երկրորդ փաստաթուղթը Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ, իհարկե, ամեն ինչ պետք է կախված լիներ նրանից, թե հաջողվո՞ւմ է մեզ արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակն ավելացնել։
ԱԺ-ն շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։
