Ամերիկահայ հեռուստաաստղ, ֆոտոմոդել և գործարար Քիմ Քարդաշյանը հայտնել է առողջական լուրջ խնդիրների մասին։ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ժամանակ բժիշկները 45-ամյա հայտնի աստղի մոտ գլխուղեղի անևրիզմա են հայտնաբերել:
Այս մասին Քարդաշյանը պատմել է իր The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում, հաղորդում է The New York Times-ը:
«Այնտեղ մի փոքր անևրիզմա կա», – ասել է Քիմը ռեալիթի շոուի հերթական եթերի ընթացքում։
Հանդիսատեսը տեսել է, թե ինչպես է հեռուստաաստղը լրացուցիչ հետազոտություններ անցնում ախտորոշումից հետո։ Նա ենթադրել է, որ պաթոլոգիայի առաջացման պատճառ կարող է լինել սթրեսը։
Նշենք, որ գլխուղեղային անևրիզման, որը նաև հայտնի է որպես ցերեբրալ անևրիզմա կամ ներգանգային անևրիզմա, գլխուղեղի արյունատար անոթի արտափքումն է: Անևրիզման հաճախ նման է ցողունից կախված հատապտղի: Մասնագետները կարծում են, որ ուղեղային անևրիզմաները ձևավորվում և մեծանում են, քանի որ արյունատար անոթով հոսող արյունը ճնշում է անոթային պատի թույլ հատվածի վրա:
