Դիտորդները խախտումներ են արձանագրում Վաղարշապատի ընտրություններում

Վաղարշապատի ավագանու ընտրություններում վաղ առավոտից դիտորդական առաքելությունները մի շարք խախտումներ են արձանագրում։

14/13 ընտրատեղամասում «Թաթոյան» հիմնադրամի դիտորդներն արձանագրել են, որ ընտրողի հասցեում գրանցված է մահացած անձ, իսկ մեկ այլ դեպքում՝ ընտրողի հասցեում գրանցված է անծանոթ ընտրող։ Մեկ այլ հաղորդմամբ հայտնել են, որ 14/20 ընտրատեղամասի քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ 14/19 տեղահամասում ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։

«Հայաքվե» դիտորդական առքելությունը պարբերաբար հայտնում է ընտրատեղամասերում կուտակումների ու բաց քվեարկությունների մասին։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը նշում է, որ իրենց դիտարկմամբ մինչև 11։00-ն էական խախտումներ չեն արձանագրվել։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

Կիսվել սոց․ ցանցերում