Նոյեմբերի 19-ին պաշտոնապես ներկայացվել է «Մարդու իրավունքների ուղեցույց» առցանց հարթակի հայերեն տարբերակը, որին մասնակցել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Միջոցառման ընթացքում նա հանդես է եկել ողջույնի խոսքով՝ բարձր գնահատելով նախաձեռնության դերը մարդու իրավունքների իրազեկման, կրթության և հանրային իրավագիտակցության բարձրացման համատեքստում։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա հիմնահարցերին՝ շեշտելով դրանց խորքային բնույթը. «Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Դրանք խորքային են. քաղաքացիները հաճախ տեղեկացված չեն իրենց իրավունքների երաշխիքների մասին։ Շատ հաճախ նույնիսկ պետական մարմինների ներկայացուցիչները մարդու իրավունքների ժամանակակից չափանիշների առնչությամբ ունեն ձևախեղված ընկալումներ»։
«Մարդու իրավունքների ուղեցույցը» առցանց ռեսուրս է՝ նախատեսված որպես ինքնօգնության գործիք և համագործակցության հարթակ մարդու իրավունքների կրթության համար։ Ռեսուրսն ադապտացվել է մի շարք լեզուներով և նախատեսված է աջակցելու ինչպես հասարակությանը, այնպես էլ ոլորտի մասնագետներին՝ տարբեր իրավիճակներում իրավունքների ճիշտ ընկալման գործում։ Ուղեցույցի հայերեն տարբերակը մշակվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ Մարդու իրավունքների բալթյան ընկերակցության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:
