Ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոն, Խորհրդային Միության և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը 100 տարեկանում հեռացել է կյանքից։ Այս մասին Матч ТВ-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետարանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ էր զգացել, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա կյանքից հեռացել է»,- ասել է Միրզոյանը։
Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։
Նա Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։
1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։
