«Կшմանդիրն աչքիս ուզում է, որ վերևից իր հետույքին ձեռ տան՝ նոր հասկանա, թե ում հետ գործ ունի». կին զինծшռայողը մեղադրվում է հրшմանատարին վիրшվորելու համար

ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, կին զինծառայող Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի կողմից հրամանատարի նկատմամբ վիրավորանք հասցնելու համար։ Մեղադրյալը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին այլ զինծառայողների ներկայությամբ իր ուղղակի պետ փոխգնդապետ Ռ.Ս.-ի հասցեին հնչեցրել է վիրավորանք պարունակող արտահայտություն՝ նվաստացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը։ Գործը դատարան է ուղարկվել 2025 թվականի մայիսի 8-ին։ Այս մասին Iravaban.netը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

2024 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Ն զորամասի Ն դիվիզիոնի հրամանատարական կետում այլ զինծառայողների ներկայությամբ Հ.Ա.-ն՝ հանդիսանալով նույն զորամասի պայմանագրային զինծառայող, Ն դիվիզիոնի պլանշետավար-ռադիոհեռախոսավար, կոչումով շարքային, իր ուղղակի պետ՝ Ն դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ռ.Ս.-ի հասցեին հնչեցրել է հետևյալ վիրավորանք պարունակող արտահայտությունը՝ «Կամանդիրն աչքիս ուզում է, որ վերևից իր հետույքին ձեռ տան՝ նոր հասկանա, թե ում հետ գործ ունի»։

Մեղադրանքը

Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից հրամանատարի (պետի) նկատմամբ։

Iravaban.netը ստորև ներկայացնում է 524-րդ հոդվածի իրավակարգավորումները.

ՀՀ ՔՕ 524-րդ հոդված. Զինծառայողին վիրավորանք հասցնելը

Հոդվածի 1-ին մասը նախատեսում է պատասխանատվություն զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելու՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար։

Հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը նախատեսում է ավելի խիստ պատասխանատվություն, երբ նույն արարքը կատարվում է ստորադասի (ենթակայի) կողմից հրամանատարի (պետի) նկատմամբ։

Նախատեսված պատիժը՝

  • զինվորական ծառայության մեջ սահմանափակում՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ
  • կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ
  • կարգապահական գումարտակում պահել՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
  • Ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Խափանման միջոցը

Հ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Գործի դատական քննության ընթացքը

Գործը 2025 թվականի մայիսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Մայիսի 15-ին գործը մուտքագրվել և մակագրվել է դատավոր Գագիկ Հարությունյանին։

Դատավորը 2025 թվականի մայիսի 19-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։

Նախնական դատալսումների նշանակումները և չկայացած դատական նիստերը՝

  • 2025 թվականի հունիսի 3-ին նախնական դատալսումները չեն կայացել դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով։
  • 2025 թվականի սեպտեմբերի 29-ին նախնական դատալսումները չեն կայացել դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով։
  • 2025 թվականի դեկտեմբերի 18-ին նախնական դատալսումներն ու նշանակված են ժամը 17:00-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի թիվ 3 դահլիճում։

Գործի առանձնահատկությունը

Սույն գործը նշանակալի է այն առումով, որ մեղադրյալը կին զինծառայող է՝ պայմանագրային հիմունքներով ծառայող ՀՀ ՊՆ զորամասում, ինչը համեմատաբար հազվադեպ դեպք է զինվորական քրեական գործերի համատեքստում, – տեղեկացնում է  Iravaban.netը։

Ծանուցում 1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ծանուցում 2. Սույն նյութի լուսանկարը պատկերում է կին զինծառայողի՝ չհանդիսանալով գործով մեղադրյալի լուսանկարը։

Կիսվել սոց․ ցանցերում