Հայաստանը տարածաշրջանային խանդի ու կախվածության խաչմերուկում Թրամփի ուղին աներկբա պետք է լինի

Հայաստանը տարածաշրջանային խանդի ու կախվածության խաչմերուկում
Թրամփի ուղին աներկբա պետք է լինի
Վերջին ժամանակներում Հարավային Կովկասում ակտիվ քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «տրանզիտային ուղղու» ծրագիրը, որը ենթադրում է տարածաշրջանային նոր հաղորդակցությունների բացում՝ Հայաստանի տարածքով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը՝ պատճառաբանելով անվտանգության և տարածաշրջանային շահերի վտանգումը։ Այս դիրքորոշումը հաճախ ներկայացվում է որպես ինքնուրույն անվտանգության հաշվարկ, սակայն իրականում այն միաժամանակ համընկնում է նաև Ռուսաստանի շահերի հետ՝ սահմանափակելով ԱՄՆ ազդեցության աճը Կովկասում։
Սակայն խնդրի խորքում ավելի էական մի հանգամանք կա․ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կարևոր հանգույց՝ տրանսպորտային, տնտեսական և քաղաքական իմաստով։ Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ է դառնում Ռուսաստանի և Իրանի «խանդոտ» վերաբերմունքը։ Երկու պետություններն էլ տարիներ շարունակ շահագրգռված են եղել, որ Հայաստանը մնա սահմանափակված, կախված և վերահսկելի՝ էներգետիկ, անվտանգային և լոգիստիկ լծակների միջոցով։
Հայաստանի անկախ դերակատարության ուժեղացումը սպառնում է այդ կախվածության համակարգին։ Այդ պատճառով էլ, երբ խոսքը գնում է Թրամփի առաջարկած ուղու մասին, Իրանի և Ռուսաստանի արձագանքը հիշեցնում է խանդոտ պահվածք․ ոչ թե թույլ տալ Հայաստանին դառնալ ինքնուրույն կենտրոն, այլ պահել նրան մշտական վերահսկողության դաշտում։
Այս ֆոնին պետք է հստակ արձանագրել․ Թրամփի ուղղին աներկբա պետք է լինի։ Սա Հայաստանի համար ոչ միայն տնտեսական հնարավորություն է, այլև քաղաքական ինքնուրույնության, տարածաշրջանային կշռի և սուբյեկտայնության վերականգնման ճանապարհ։ Հայաստանի օրվա իշխանությունները պարտավոր են իրենց պատասխանատվությունը գիտակցել և ավարտին հասցնել այդ գործընթացը՝ առանց արտաքին ճնշումների առաջ նահանջելու։
Եթե գործող իշխանությունները չկատարեն այս պատմական պարտավորությունը, ապա հասարակությունը իրավունք ունի և պարտավոր է գործել։ Մենք չենք սպասելու մինչև 2026 թվականի ընտրությունները։ Անհրաժեշտության դեպքում կսկսվեն բողոքի ակցիաներ, կձևավորվեն քաղաքական օրակարգեր, և պայքարը կտեղափոխվի փողոց՝ քաղաքացիական ճնշման ամբողջ գործիքակազմով։
Այս պայքարը կղեկավարեն և կհամակարգեն «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումն ու «Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունը՝ հստակ նպատակով․ վերադարձնել Հայաստանի ինքնուրույնությունը, կոտրել կախվածության շղթաները և ապահովել երկրի արժանապատիվ տեղը տարածաշրջանում։
Հայաստանի ապագան չի կարող մնալ խանդի, վախերի և արտաքին վերահսկողության գերին։ Ժամանակն է ընտրել ուղին, որը Հայաստանին դարձնում է ոչ թե անցումային տարածք, այլ կենտրոն։
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
Կիսվել սոց․ ցանցերում