Արենին հավակնում է հայտնվել ՄԱԿ զբոսաշրջության գյուղերի ցանկում

Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին որոշումը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Հասմիկ Գևորգյանը, անդրադառնալով ենթաօրենսդրական ակտերին, նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանության է արժանացրել առաջիկա հինգ տարիների՝ 2026–2030 թվականների, զբոսաշրջության ռազմավարական փաստաթուղթը, ինչից էլ բխում է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու կառավարության որոշումը։

Նա ընդգծեց, որ Զբոսաշրջության մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերից, ենթադրում է ունենալ ենթաօրենսդրական ակտեր, և որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ գործարկել օրենքի բոլոր հոդվածները, անհրաժեշտ է ընդունել 29 ենթաօրենսդրական ակտ՝ կառավարության որոշումներ, նախարարի հրամաններ և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրամաններ, որոնցից մեկը հենց զբոսաշրջային գյուղեր հայտարարելու որոշման նախագիծն էր։

Գործընթացի սկիզբը դրվել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի զբոսաշրջության գրասենյակից՝ Մադրիդից, Զբոսաշրջության կոմիտե է ներկայացվել առաջարկ՝ մի քանի գյուղեր հայտարարել զբոսաշրջային գյուղեր։

Ամեն տարի ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպությունը հայտարարում է մրցույթ աշխարհի տարբեր զբոսաշրջային գյուղերի միջև, և, իհարկե, ամեն տարի մեկ երկրի մեկ գյուղ դառնում է հաղթող։ Մենք նույնպես հավակնում ենք ունենալ զբոսաշրջային գյուղ և անպայման մասնակցել այդ մրցույթին։

Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Արդեն կազմվել են այն գյուղերի ցանկերը, որոնք ունեն զբոսաշրջային գյուղ դառնալու ներուժ, և առաջիկա տարիների ընթացքում կկատարվեն համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որպեսզի այդ գյուղերը համապատասխանեն ՄԱԿ-ի զբոսաշրջության չափանիշներին։

Յուրաքանչյուր մարզից կարող են ներառվել առավելագույնը 10 գյուղ։

Զբոսաշրջության կոմիտեն դիմել է գործընկեր նախարարություններին, գրություններ են ուղարկվել մարզպետարաններ, և մարզպետարաններն արդեն՝ ըստ համայնքների, առաջարկներն ուղարկել են Զբոսաշրջության կոմիտե։ Այնուհետև, նախարարության հետ համատեղ որոշակի աշխատանքներ տանելով, ընտրվել են այդ գյուղերը։

Վայոց Ջորի մարզը դիտարկում են որպես գինեգործության մարզ, Արենին, որն արդեն գրեթե պատրաստ է կարող է հայտնվել ՄԱԿ զբոսաշրջության գյուղերի ցանկում։
Կիսվել սոց․ ցանցերում