Դատարանը Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Թուն Ռազակին դատապարտել է 15 տարվա ազատազրկման և մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող տուգանքի՝ 1MDB պետական հիմնադրամում կոռուպցիոն սխեմաների կապակցությամբ: Այս մասին հաղորդել է The Star-ը:
Նաջիբ Ռազակը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման չորս դրվագով և հինգ տարվա ազատազրկման՝ փողերի լվացման համար:
Նրա պաշտպանները խնդրել են վերադարձնել նախկին վարչապետի գրավը, և դատարանը բավարարել է այդ խնդրանքը:
72-ամյա Նաջիբ Ռազակը Մալայզիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2009 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մայիսը։ Այդ տարվա հուլիսին նա ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով։ 2020 թվականին Մալայզիայի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել 1MDB կոռուպցիոն սկանդալի հետ կապված պաշտոնեական լիազորությունների չարաշահման, միջոցների յուրացման և փողերի լվացման մեջ։ Նաջիբ Ռազակը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և գրեթե 44 միլիոն դոլար տուգանքի։ 2024 թվականին նրա պատիժը կրճատվել է մինչև վեց տարի (մինչև 2028 թվականի օգոստոսի 23-ը), իսկ տուգանքը՝ մինչև սկզբնական գումարի մեկ քառորդը։
