Թեհրանում այրվել է ավելի քան 50 բանկ, ոչնչшցվել մոտ 30 մզկիթ․ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

Հունվարի 9-ի երեկոյան Իրանում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել։ Չնայած Իրանի անվտանգության ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված կոշտ ճնշմանը և ինտերնետի անջատմանը, ցուցարարների բազմությունը դուրս է եկել Թեհրանի և այլ խոշոր քաղաքների փողոցներ․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ AFP-ի կողմից հավաստագրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Սաադաթաբադ շրջանում ցուցարարները հարվածում կաթսաներին և վանկարկում «Մահ Խամենեիին» կարգախոսը, որն ուղղված է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, իսկ անցնող ավտոմեքենաները ազդանշան են տալիս՝ ի նշան աջակցության։ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հաղորդել է հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի պատճառած վնասներիի մասին: Նրա խոսքով՝ հրդեհվել են ավելի քան 50 բանկ և մի քանի պետական ​​հաստատություններ, իսկ հրդեհից ոչնչացվել է ավելի քան 30 մզկիթ։ Իրանի Մարդու իրավունքների կենտրոնի (CHRI) իրավապաշտպանները, հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ Թեհրանի, Մաշհադի և Քարաջի հիվանդանոցները լի են վիրավոր ցուցարարներով: HRANA մարդու իրավունքների լրատվական գործակալության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 62 մարդ, այդ թվում՝  անվտանգության ուժերի 14 աշխատակից և 48 ցուցարար, իսկ 2300 ցուցարար ձերբակալվել է։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կտրուկ դատապարտել է զանգվածային բողոքի ցույցերը՝ դրանց մասնակիցներին անվանելով «հրահրողներ»։ «Կան մարդիկ, որոնց գործը ոչնչացնելն է, – հունվարի 9-ին ասել է Խամենեին։- Նրանք ոչնչացնում են «միայն ԱՄՆ նախագահին ուրախացնելու համար»։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին մեղադրել է Վաշինգտոնին և Իսրայելի իշխանություններին «ապակայունացնող գործողություններ» կատարելու և «խաղաղ բողոքի ցույցերը վանդալիզմի բռնի ակտերի վերածելու համար», հաղորդում է Reuters-ը։ Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/971839.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAc3J0YwZhcHBfaWQKNjYyODU2ODM3OQABHh0K6RIYjkAt3Mbl9xNXfFBxiIt6Jm1VIgYJKQbfD5zYIOPc9nhsYq7bSucW_aem_ecQfIY2C7hZdt3Ty8eSuFg

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում